ԱՄՆ նախագահի երդման արարողությունը 224 տարվա պատմություն ունի
Երդմնակալությունը ԱՄՆ-ում իսկական տոն է, բայց մեկ անգամ այն ավարտվել է ողբերգությամբ:
ԱՄՆ նախագահի երդման արարողությունը 224 տարվա պատմություն ունի



Թոմաս Ջեֆերսոնը ԱՄՆ-ի երրորդ նախագահն էր, բայց առաջինը, ու առ այսօր միակը, որն իր իսկ երդմնակալությանը եկավ ոտքով: Ջեֆերսոնը նաև առաջինն էր, որ երդվեց կոնգրեսում, առաջին երկու նախագահների ժամանակ շենքը դեռ չկար: 1801 թվականի մարտի 4-ից առ այսօր, արարողությունն անցկացվում է նույն շենքում կամ դրա դիմաց: Մինչև 1937 թվականը երդման օրը անփոփոխ էր, Ֆրանկլին Ռուզվելտը միակն էր, որը ոչ միայն չորս անգամ ընտրվեց նախագահի պաշտոնում, այլև փոխեց երդմանակալության օրը: Պատճառը` նոյեմբերին անցկացվող ընտրությունների և լիազորությունները ստանձնելու երկար ժամկետն էր:



Երդմնակալությունը ԱՄՆ-ում իսկական տոն է, բայց մեկ անգամ այն ավարտվել է ողբերգությամբ: Իններորդ նախագահ Ուիլիամ Հարիսոնը երկու ժամ ելույթ ունեցավ երդմնակալության օրը, ցրտի և քամու պայմաններում, հիվանդացավ ու մահացավ: Նրա ելույթը նախագահների երդման պատմության մեջ ամենաերկարն էր` Հարիսոնը արտաբերեց 8445 բառ: Ամենակարճ ելույթն էլ ԱՄՆ առաջին նախագահինն էր` Ջորջ Վաշինգտոնի տեքստը բաղկացած էր 135 բառից: ԱՄՆ 44 նախագահները երդվել են 73 անգամ, բացի Ռուզվելտի քառերդումից, դրա պատճառը ևս 15 նախագահների վերընտրությունն է: Երդումը սովորաբար ընդունում է Գերագույն դատարանի նախագահը:



Երդման օրը հրավիրվածների թվում սովորաբար լինում են նախկին նախագահները: Բարաք Օբամայի առաջին երդմնակալությանը ներկա էին Ջիմի Կարտերը, Ջորջ Բուշ ավագը, Բիլ Քլինթոնն ու Բուշ կրտսերը: Օբամայի երդման երկրորդ արարողությունը այս տարի հունվարին էր, երդմանը ներկա էր մոտ մեկ միլիոն մարդ, այն համարվում է ԱՄՆ մայրաքաղաքում երբեւէ անցկացված ամենամարդաշատ միջոցառումը: Հեռուստատեսությամբ ուղիղի եթերում երդմնակալությունը դիտել են տասնյակ միլիոնավոր մարդիկ աշխարհի տասնյակ երկրներում:



Ամերիկյան նախագահի երդմնակալության սկիզբն ու պարտադիր մասը ենթադրում է պաշտոնը ստանձնող և պաշտոնը հանձնող նախագահների համատեղ թեյախմություն: խորհուրդը հստակ է` նախագահությունը ծառայություն է, իշխանության փոխանցումն էլ ոչ թե իրավունքների, այլ պատասխանատվության հանձնում: Թեյախմություն սակայն չի լինում, երբ նախագահը վերընտրվում է: