Ի՞նչ է մուտքի ներգաղթային արտոնագիրը
Մուտքի ներգաղթային արտոնագիրը դա այլ երկրներում գտնվող հյուպատոսական պաշտոնյայի կողմից տրվող փաստաթուղթ է, որը թույլ է տալիս Ձեզ մեկնել Միացյալ Նահանգներ և դիմել, որպեսզի Ձեզ ընդունեն, որպես օրինական մշտական բնակիչ (LPR): Ձեզ, որպես օրինական մշտական բնակիչ ընդունելու վերջնական որոշումը կայացնում է ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտի մաքսային և սահմանապահ ծառայության ներգաղթային պաշտոնյան: Երբ Ձեզ ընդունում են որպես օրինական մշտական բնակիչ, Դուք Միացյալ Նահանգներում մշտապես ապրելու և աշխատելու իրավունք եք ձեռք բերում: Սովորաբար Ձեր մուտքից հետո երեք ամսվա ընթացքում ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտի ներգաղթի և քաղաքացիության ծառայությունը (ԱՄՆՆՔԾ) փոստով, Միացյալ Նահանգներում Ձեր նոր հասցեով ուղարկում է Ձեր օրինական մշտական բնակչի քարտը, (սովորաբար այն կոչվում է նաև “Գրին քարտ” -green card):
Որո՞նք են այն հիմնական ուղիները, որոնց միջոցով հնարավոր է ստանալ մուտքի ներգաղթային արտոնագիր
Մուտքի ներգաղթային արտոնագիր ձեռք բերելու համար կան երեք հիմնական ուղիներ
ԱՄՆ քաղաքացու կամ օրինական մշտական բնակչի հետ ընտանեկան կապի միջոցով, կամ
աշխատանքի միջոցով, կամ
բազմազանության արտոնագրերի ծրագրի միջոցով (գրին քարտի վիճակախաղ):
Հայաստանում դիմորդների մեծամասնությունը իրենց մուտքի ներգաղթային արտոնագրերը ձեռք են բերում ընտանեկան կապի և բազմազանության արտոնագրերի ծրագրի միջոցով:
Ընտանեկան կամ աշխատանքային հիմքունքներով մուտքի ներգաղթային արտոնագրեր ստանալու գործընթացը սկսվում է Միացյալ Նահանգներում` Ձեր ԱՄՆ քաղաքացի կամ օրինական մշտական բնակիչ հանդիսացող ազգականի կամ հավանական գործատուի կողմից ԱՄՆ Ներգաղթի և քաղաքացիության ծառայությանը միջնորդագիր ներկայացնելով: Սովորաբար Ձեր ազգականը կամ հավանական գործատուն փոստով միջնորդագիրը ուղարկում է ԱՄՆ-ում իր բնակության նկատմամբ իրավասություն ունեցող ԱՄՆ Ներգաղթի և քաղաքացիության ծառայության կենտրոն: Ձեր ազգականի կամ հավանական գործատուի կողմից միջնորդագիրը ուղարկելուց հետո Դուք կարող եք ստուգել դրա կարգավիճակը` այցելելով ԱՄՆՆՔԾ գործի կարգավիճակի փնտրումկայքէջը և մուտքագրելով Ձեր միջնորդագրի ստացման համարը: Երբ միջնորդագիրը հաստատվի, միջնորդագիր ներկայացնողը և Դուք, ում համար տրվել է միջնորդագիրը, փոստով կստանաք հաստատման ծանուցագիր (ձև I-797, գործողության ծանուցագիր), որտեղ նշված կլինի, որ Ձեր գործը հետագա գործընթացի համար ուղարկվում է պետդեպարտամենտի` Վիզաների ազգային կենտրոն (ՎԱԿ): Վիզաների ազգային կենտրոնը կապ կհաստատի միջնորդագիր ներկայացնողի հետ և կտեղեկացնի պահանջվող ֆինանսական և այլ լրացուցիչ փաստաթղթերի մասին: Այս գործընթացը ավարտելուց հետո Վիզաների ազգային կենտրոնը գործի էլեկտրոնային և փաստաթղթային տարբերակներն ուղարկում է արտերկրում գտնվող հյուպատոսարաններ` վերջնական գործընթացի և մուտքի ներգաղթային արտոնագրի հարցազրույցի համար, որն անցկացնում է ԱՄՆ հյուպատոսական պաշտոնյան:
Բազմազանության արտոնագիր ստանալու գործընթացը սկսվում է բազմազանության արտոնագրի վիճակախաղին մասնակցելու միջոցով, որը սովորաբար տեղի է ունենում տարվա վերջին քառորդում: Վիճակախաղի հաղթողները (վիճակահանությամբ ընտրվածները) տեղեկացվում են նամակով` մասնակցությանը հաջորդող տարվա ապրիլ-հուլիս ամիսների ընթացքում, որից հետո սկսում են պատրաստել իրենց գործերը` ԱՄՆ-ում գտնվող Քենտուկիի հյուպատոսական կենտրոն ուղարկելով համապատասխան կերպով պատրաստված անձնական և քաղաքացիական փաստաթղթերը (օրինակ` մուտքի ներգաղթային արտոնագրի դիմում, լուսանկարներ, ծննդյան և ամուսնության վկայականներ և այլն): Երբ այստեղի գործընթացն ավարտվում է, վիճակախաղի հաղթողները նամակով տեղեկացվում են հյուպատոսական բաժնում իրենց հարցազրույցի օրվա և հարցազրույցի ժամանակ ներկայացնելու համար պահանջվող լրացուցիչ փաստաթղթերի մասին: Քանի որ բազմազանության արտոնագրի վիճակախաղը տարեկան ծրագիր է, ԱՄՆ ներգաղթելու համար մասնակիցները պետք է ավարտեն իրենց դիմումները ներկայացնելու և մուտքի արտոնագրերը ստանալու ամբողջ գործընթացը մինչև այդ ծրագրային տարվա սեպտեմբերի 30-ը, հակառակ դեպքում նրանց շահումով ձեռք բերած հնարավորությունը չեղյալ է համարվում: Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք նայել “Բազմազանության արտոնագրեր” էջը:
Տրված արտոնագրերը կարելի է ստանալ հյուպատոսական բաժնից, երկուշաբթի օրերին, ժամը 16:30-ին: YY և ZZ տեսակի արտոնագրեր ստացող անձինք իրենց անձնագրերը և ծրարները կարող են ստանալ չորեքշաբթի ժամը 16:30-ին: