ՊԱՅՔԱՐ ՀՆԴԿԱԿԱՆ ՌԱԶՄԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՄՐՑԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՄՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
Մինչ սառը պատերազմի ավարտը Ռուսաստանը Հնդկաստանի ռազմատեխնիկայի և զինմթերքի գլխավոր արտադրողն էր ու մատակարարը, գրում է իրանական IRAS պարբերականը:
Գաղտնիք չէ, որ Հնդկաստանը աշխարհի թիվ մեկ ռազմատեխնիկա ներմուծողն է, որի որպես ռազմաբազայի «մեխ»՝ շարունակում են մնալ ռուսական օդային և ծովային հին ու նորագույն թողարկումները:
Ճիշտ է՝ Ռուսաստանի հետ միասին «ոտք են գցել» Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, վերջինս նույնիսկ 2013-ին Հնդկաստանի հետ 20 միլիարդ դոլար արժողությամբ Rafale օդանային բազմաֆունկցիոնալ կործանիչները ձեռք բերելու պայմանագիր կնքեց, այնուամենայնիվ, Ռուսաստանն ունի իր ամուր և բազմամյա դիրքը Նյու Դելիի ռազմական շուկայում:
Ավելին՝ ռուսական МиГ-21 և МиГ-27 կործանիչները Су-30-ի հետ միասին արդեն տասնամյակներ համալրում են հնդկական ռազմաօդային ուժերը, որոնց թիվը պլանավորվում է հասցնել մինչև 270-ի:
1991-ից հետո պատկերը ոլորտում որոշակիորեն փոխվեց, երբ ԱՄՆ մտավ պայքարի մեջ: Տեսնելով Հնդկաստանի տնտեսական և քաղաքական հզորության հեռանկարները, որոնք ավելի ակնհայտ դարձան Պակիստանի դիրքերի թուլացմամբ տարածաշրջանում, պաշտոնական Վաշինգտոնը աստիճանաբար փոխեց իր վերաբերմունքը Նյու Դելիի նկատմամբ, ինչի արդյունքում երկկողմանի հարաբերություններ հաստատվեցին ռազմական ոլորտում գործակցություն սկսելու նպատակով:
Այսպես, ռուսական ռազմաօդային տեխնիկայի և զինատեսակների որոշ թողարկումներ փոխարինվեցին ամերիկյանով, այդ թվում՝
ռուսական ամերիկյան
Ми-28 Apache
Ми-26 Chinook
Ту-142 P-8
Ан-24 C-130
Ил-76 С-17 Globemaster
«Игла» Stinger
Ըստ պարբերականի՝ Հնդկաստանը չի սահմանափակվում միայն ներմուծմամբ. նա պլանավորում է թողարկել սեփական «Tejas» կործանիչների դասին պատկանող մոդելներ՝ բաղկացած ամերիկյան General Electric-ի շարժիչից: Նախագծի արժեքը, ըստ պայմանգրի, կազմել է 12 միլիարդ դոլար, ինչը մտահոգվելու լուրջ պատճառ է ռուսական կողմի համար:
Սա լուրջ տնտեսական մրցակցություն է, քանի որ Ռուսաստանը ֆինանսական մեծ հնարավորություն է կորցնում. «Ռուսաստանի բախտը բերել է, որ դեռևս մատակարարում է այնպիսի ռազմատեխնիկա, որից մեծագույն շահույթ է ստանում՝ մասնավորապես հրթիռակոծիչներ, ռազմական նավեր և սուզանավեր, հակաօդային պաշտպանության համար նախատեսված հրթիռային համակարգեր, տանկեր և զրահապատ մեքենաներ», նշում է պարբերականը: